Արա Գեղեցիկ և Շամիրամ

Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։ Այդ ժամանակ Ասորեստանում թագավորում էր Նինոսը, որը նույնպիսի արքայական շնորհների է արժանացնում Արային, ինչպես նրա հորը՝ Արամին։ Իսկ Նինոսի կինը՝ Շամիրամը, բազում տարիներ լսած լինելով Արայի գեղեցկության մասին, շտապում էր տեսնել նրան, բայց ամուսնու ահից չէր համարձակվում իր ցանկությունն իրականացնել։
Երբ վախճանվում է Նինոսը, Շամիրամը չի կորցնում պահը, իր զգացմունքները համարձակորեն բացահայտելով, պատգամավորներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ, ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու պարգևների խոստումով խնդրում է Արային գալ Նինվե, կամ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել, կամ էլ իր ցանկությունը կատարել և մեծամեծ նվերներով ու խաղաղությամբ իր երկիրը վերադառնալ։ Շամիրամի պատգամավորները գալիս են Հայաստան, բայց Արան կտրականապես մերժում է Շամիրամի կամքը կատարել։ Շամիրամը գալիս հասնում է Արայի դաշտը, որ հետագայում նրա անունով կոչվեց Այրարատ։ Այստեղ, ճակատամարտից առաջ, Շամիրամը պատվիրում է իր զորապետներին՝ ամեն կերպ ջանալ կենդանի պահել Արային։ Բայց մարտի ժամանակ Արայի զորքը կոտորվում է, Արան էլ ընկնում է պատերազմի դաշտում Շամիրամի կտրիճներից։ Հաղթությունից հետո Շամիրամը ճակատամարտի վայրն է ուղարկում դիահավաքներին՝ դիակների մեջ փնտրելու իր բաղձալի տարփածուին։ Արային գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։ Շամիրամը արձան է կանգնեցնում Արային հարություն տվող աստվածների անունով և նրանց պատվին մեծամեծ զոհեր մատուցում։

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started