Ոսկեդարի հայ պատմիչները։ Նրանց ստեղծագործությունները․ դրանցում պատկերված ժամանակաշրջանները․

5րդ դարի գրական-մշակութային շարժումը հայտնի է ոսկեդար անունով։ Այդ ժամանակահատվածում ոչ միայն ստեղծվեցին հայոց գրերը, այլև ձևավորվեց ու բուռն զարգացում ապրեց հայ մատենագրությունը։ Թարգմանական գրականության կողքին, ստեղծվեց ինքնուրույն գրականություն՝ իր մի քանի ուղղություններով՝ պատմագրություն, փիլիսոփայություն, սրբախոսություն (վարք և վկայաբանություն), անհատական բանաստեղծություն (շարականագրություն)։ Ոսկեդարի մատենագրության ամենաընդգրկուն բաժինը պատմագրությունն է։ Հայտնի են 5 պատմիչներ (Ագաթանգեղոս, Փ․ Բուզանդ, Եղիշե, Ղազար Փարպեցի, Մովսես Խորենացի), որոնք, մեկը մյուսին շարունակելով, գրել են 3-5րդ դարերի հայոց պատմությունը։

Ագաթանգեղոսը <<Հայոց պատմություն>> վերնագրով մեզ հայտնի առաջին երկի հեղինակն է։ Ագաթանգեղոս հունարեն լեզվով թարգմանված նշանակում է բարի լուր բերող, ավետաբեր։ Նրա գիրքը ընդգրկում է քրիստոնեության ընդունմանը նախորդած, հաջորդած իրադարձությունները և հենց քրիստոնեության ընդունման բուն ընթացքը։

Փավստոս Բուզանդը, շարունակելով Ագաթանգեղոսին, շարադրել է 4րդ դարի սկզբից մինչև 4րդ դարի 80-ական թվականների պատմությունը (387թ․ Հայաստանի առաջին բաժանումը)։ Բուզանդ գրական կեղծանունը, նշանակում է զրույցների մեկնիչ, զրուցաբան։ Այսինքն նա իր պատմությունը շարադրել է զրույցների հիման վրա, դրա համար էլ շատ դեպքերում նրա գիրքը հավաստի աղբյուր չի՛ հանդիսանում։

Ոսկեդարի պատմիչներից միայն Եղիշեի գիրքն է, որ <<Հայոց պատմություն>> չի կոչվում։ Այն վերնագրված է՝ <<Վասն Վարդանա և Հայոց պատերազմին>>։ Եղիշեի երկի պատվիրատուն Դավիթ Մամիկոնյանն է։ Գրքում ներկայացված են 450-451թթ․ Վարդանանց ապստամբությունն ու Ավարայրի ճակատամարտը։ Իր երկը Եղիշեն ավարտում է Հայոց աշխարհի փափկասուն տիկնանց ողբով։ Պատմիչն իր գրքում օգտագործում է մի շարք թևավոր խոսքեր։ Դրանցից են՝ <<Լավ է կույր աչքով, քան կույր մտքով>>, <<Չգիտակցված մահը մահ է, գիտակցվածը՝ անմահություն>>, <<Միաբանությունը՝ բարի գործերի մայրն է, անմիաբանությունը՝ չար գործերի ծնողը>>։

Ղազար Փարպեցին շարունակել է Բուզանդի պատմությունը և իր <<Հայոց պատմություն>> երկում ներկայացրել է 387թ․-ից մինչև 481-484թթ․ պատմությունը՝ Վահանանց ապստամբությունը։ Գրքի պատվիրատուն Փարպեցու մանկության ընկեր Վահան Մամիկոնյանն էր նշված ապստամբության կազմակերպիչն ու ղեկավարը։

Ոսկեդարի հայ պատմիչներից Մովսես Խորենացին ներկայացրել է ամենաընդգրկուն ժամանակաշրջանը՝ սկսելով հնագույն ժամանակներից և հասնելով մինչև իր ապրած օրերը՝ 5րդ դարի վերջերը։ Նրա գրքի պատվիրատուն Սահակ Բագրատունի իշխանն է։

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started