Ամուսնությունը տղամարդու և կնոջ՝ հասարակության կարգավորվող հարաբերությունների ձև է, որի գլխավոր նպատակն ընտանիք ստեղծելն է, որով սահմանվում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, զավակների և հասարակության նկատմամբ։
Ամուսնության համար անհրաժեշտ են կնոջ և տղամարդու ամուսնական տարիքի հասնելը, փոխադարձ կամավորությունն ու համաձայնությունը։ Ամուսնությունը գրանցվում է ամուսնաընտանեկան օրենսդրությամբ սահմանված կարգով, որով հաստատվում է ամուսինների իրավահավասարությունը՝ անկախ ռասայական և կրոնական պատկանելությունից։
Վաղ ժամանակներ
Մարդկանց միջև կարգավորված ամուսնական հարաբերությունների առաջին ձևը խմբամուսնությունն էր։ Հասարակության զարգացման ընթացքում աստիճանաբար սահմանափակվել են ամուսնությունները մերձավոր ազգականների միջև։ Մայրական տոհմի զարգացումով ձևավորվել է զուգամուսնությունը. երեխաները մնացել են մոր տոհմում, ազգակցությունը ճանաչվել է մոր գծով։ Տնտեսության մեջ տղամարդու առաջնակարգ դերի հաստատումով առաջացել է մենամուսնությունը:
Ամուսնությունները Վաղ Հայաստանում
Դեռևս վաղ անցյալում Հայաստանում տիրապետող է եղել մենամուսնությունը, որը կարգավորվել է եկեղեցական կանոններով և քաղաքացիական օրենսդրությամբ: Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի սահմանած կանոններով, առանց զույգերի համաձայնության և տարիքային համապատասխանության, պսակադրությունն արգելվում էր։ Քահանաներին արգելվում էր առանց քննության և հարցման պսակել ամուսնացողներին։ Զավակներին բռնի ամուսնացնող ծնողները ենթարկվում էին կանոնական պատժի։
Հայոց եկեղեցին դեմ էր 2-րդ, ինչպես և գաղտնի ամուսնությանը։ Եկեղեցական կանոններով արգելվում էր ազգականների ամուսնությունը միմյանց հետ և ազատների (ազնվականների) ամուսնությունը անազատների հետ։ Փավստոս Բուզանդի վկայությամբ արգելվել է մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն։ Շահապիվանի ժողովն ազգակցական (արյունակցական) կապեր ունեցող անձանց ամուսնությունը համարել է «պղծություն և գարշանք», հեթանոսական մնացուկ և արգելել մինչև 4-րդ սերունդը։
Կիլիկյան Հայաստանում հատուկ կարևորությամբ են վերաբերվել ամուսնաընտանեկան հարաբերություններին, անառողջների ամուսնությունը դիտվել է ազգի ապականություն և արգելվել բժշկական զննումից հետո։ Ըստ Մխիթար Գոշի Դատաստանագրքի՝ պարտադիր էր կնոջ համեմատ տղամարդու մեծ (տարեց) լինելը (դա համարվում էր ամուսնու գերիշխանության պայման)։ Անհավատարիմ ամուսինների համար նախատեսված էր տուգանք: Սմբատ Սպարապետի Դատաստանագրքով արգելվում էր նոր ամուսնացածին բանակ տանելը։ Հաճախ էին քաղաքական նպատակներով կատարվող ամուսնությունները, որոնցով բարեկամություն էր ստեղծվում տարբեր տոհմերի, իշխանների, նաև պետությունների միջև։ Հայ պատմիչների վկայությամբ՝ ամուսնությունից հետո հարսը մնում էր չխոսկան, երեսը ծածկում քողով, և այն կրում էր մինչև մայր դառնալը։ Կինն ընդունում էր ամուսնու ազգանունը։
Ամուսնությունները Հայաստանի Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետությունում ամուսնությունը հիմնված է ամուսինների ազատ ընտրության, նրանց փոխադարձ սիրո և հետաքրքրությունների ընդհանրության վրա։ Ամուսնությունն ազատ և իրավահավասար տղամարդու և կնոջ՝ օրենքով սահմանված կարգով կազմված կամավոր միություն է։
Ամուսնության և ընտանիքի պահպանության հարցերը կարգավորվում են ՀՀ Ամուսնության և ընտանիքի օրենսգրքին համապատասխան։ Ամուսնությունը գրանցվում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում՝ ամուսնացողների դիմում ներկայացնելուց հիմնականում 1 ամիս հետո։ Ամուսնության գրանցման համար անհրաժեշտ են ամուսնացողների փոխադարձ համաձայնությունը և ամուսնական տարիքը (18 տարեկան)։ Բացառիկ դեպքերում կանանց համար այդ տարիքը կարող է նվազեցվել 1 տարով։
Կան նաև պայմանագրով կարգավորվող ամուսնություններ. ամուսնացող կողմերի միջև կնքվում են պայմանագրեր, որոնցով սահմանվում են ամուսինների անձնական և գույքային իրավունքներն ու պարտականությունները։
Ամուսնություն չի թույլատրվում այն անձանց միջև, որոնցից մեկը այլ ամուսնության մեջ է, ազգակցության մեջ գտնվող անձանց, հարազատ և խորթ եղբայրների ու քույրերի, որդեգրողների և որդեգրվածների միջև, այն անձանց միջև, որոնցից մեկը հոգեկան հիվանդության կամ սակավամտության պատճառով անգործունակ է ճանաչված։ Ամուսիններն ունեն անձնական և գույքային հավասար իրավունքներ, նրանցից յուրաքանչյուրն ազատ է ընտրելու իր զբաղմունքը, մասնագիտությունը և բնակության վայրը։
Բազմակնությունն արգելվում է ՀՀ օրենքով: Դրանք բացառելու նպատակով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում, նախկինում ամուսնացած անձանց միջև նոր ամուսնություն գրանցելիս, պահանջում են ամուսնալուծությունը կամ նախկին ամուսնու մահը հաստատող փաստաթուղթ։
Ազգականների ամուսնությունը արգելվում է, որովհետև դրանցից հաճախ ծնվում են բնածին արատներով և ժառանգական հիվանդություններով երեխաներ։ Այդպիսի ամուսնությունից մեռածածին երեխաների թիվը և մանկական մահացությունը 2 անգամ ավելի մեծ է։
Թվարկված պայմանների խախտումով կայացած ամուսնությունը համարվում է անվավեր։ Դատական կարգով այդպիսին կարող է ճանաչվել նաև ընտանիք չկազմելու միտումով գրանցված ամուսնությունը (կեղծ ամուսնություն)։ Սակայն այդպիսի ամուսնությունից ծնված երեխաները չեն կորցնում իրենց իրավունքները։
Քաղաքացիական ամուսնությունը Հայաստանի Հանրապետությունում
Գոյություն ունի նաև քաղաքացիական ամուսնություն։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում ամուսնացողներին ծանոթացնում են գրանցման կարգին և պայմաններին, հավաստիանում են, որ նրանք տեղյակ են միմյանց առողջական և ընտանեկան վիճակին, ապագա ամուսիններին բացատրում են նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Ըստ ցանկության՝ ամուսինները, որպես իրենց ընդհանուր ազգանուն, ընտրում են իրենցից մեկինը կամ պահպանում նախաամուսնականը։
Երեխաների դաստիարակության և ընտանեկան կյանքի հարցերն ամուսինները լուծում են համատեղ։ Նրանցից յուրաքանչյուրն ազատ է զբաղմունքի, մասնագիտության և բնակության վայրի ընտրության հարցում։ Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած ունեցվածքն ընդհանուր, համատեղ սեփականություն է, որի նկատմամբ նրանք հավասար իրավունքներ ունեն նաև այն դեպքում, երբ նրանցից մեկը զբաղվել է տնային տնտեսություն վարելով, երեխաներին խնամելով և չի ունեցել ինքնուրույն վաստակ։
Մինչամուսնական, ինչպես նաև ամուսնությունից հետո նվիրատվություն կամ ժառանգություն ստացած ունեցվածքը նրանց համատեղ սեփականությունն է։ Ամուսինները պարտավոր են նյութապես օգնել միմյանց, անաշխատունակ ամուսինը և հղի կինը (հղիության ընթացքում և դրանից հետո 1 տարի) այդպիսի օգնությունից զրկվելու դեպքում կարող է դատարանով (նույնիսկ առանց ամուսնալուծություն ձևակերպելու) ապրուստադրամ ստանալ ամուսնուց, եթե վերջինս ի վիճակի է վճարել։
Հայաստանի քաղաքացիների ամուսնությունն արտասահմանյան քաղաքացիների հետ գրանցվում է ընդհանուր հիմունքներով, սակայն նրանցից պահանջվում է փաստաթուղթ՝ գրանցված ամուսնության բացակայության մասին։

Ընտանիքը ամուսնության կամ ազգակցության վրա հիմնված՝ մարդկանց փոքր խումբ է, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ։ Որպես սոցիալական երևույթ, ընտանիքը փոխվում է հասարակության տնտեսական հիմքի զարգացմանը համապատասխան՝ պահպանելով հարաբերական ինքնուրույնություն։
Ընտանիքի հիմնական գործառույթներից մեկը այն է, որ նա հիմք է ստեղծում սոցիալական և կենսաբանական էակների արտադրության և վերարտադրության համար։ Դա կարող է իրականացվել սնելով, խնամքի և դաստիարակության, իրավունքի, պարտականությունների, բարոյական և զգացմունքային կապերի ապահովմամբ: Այսպիսով, ընտանիքի փորձը ժամանակի հետ մեկտեղ փոխվում է: Երեխաների տեսանկյունից ընտանիքը հանդիսանում է ընտանեկան կողմնորոշում: Ընտանիքը մեծ դեր է խաղում երեխաների սոցիալականագման և գաղափարախոսության զարգացման գործում։

Թողնել մեկնաբանություն