Բանկերը իրավաբանական անձ հանդիսացող ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտներ են, որոնք իրավունք ունեն իրենց անունից ներգրավել և տեղաբաշխել դրամական միջոցներ, իրականացնել օրենսդրությամբ նախատեսված բանկային և այլ գործառնություններ:
Բանկերն իրենց գործունեության մեջ անկախ են օրենսդիր ու գործադիր մարմիններից և ղեկավարվում են սույն օրենքով, օրենսդրության այլ ակտերով և իրենց կանոնադրություններով:
Բանկերի բաժնետեր կամ փայատեր չհանդիսացող պետական իշխանության ու կառավարման մարմինների աշխատողներին չի թույլատրվում մասնակցել բանկերի կառավարման աշխատանքին, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նշանակվում է ժամանակավոր ադմինիստրացիա կամ լուծարքային հանձնաժողով:
Բանկերը պատասխանատու չեն Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատասխանատու չէ բանկերի պարտավորությունների համար, բացի այն դեպքերից, երբ բանկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել են այդպիսիք:
«Բանկ» տերմինը և դրա ցանկացած բառակապակցությունը կարող է օգտագործվել ֆիրմային անվանումների մեջ միայն այն կազմակերպությունների կողմից, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:
ԲԱՆԿԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Բանկերը դասակարգվում են`
ըստ կանոնադրական կապիտալի պատկանելիության և ձևավորման` փայատիրական, կոոպերատիվ, բաժնետիրական, օտարերկրյա և համատեղ բանկեր.
ըստ գործունեության ոլորտների` մասնագիտացված և բազմապրոֆիլ բանկեր.
ճյուղային ուղղվածություն ունեցող բանկեր:
Հանրապետական և այլ ծրագրերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծվել պետական մասնագիտացված բանկեր:
ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Բանկը կարող է կատարել հետևյալ գործառնությունները`
ա) ներգրավել և տեղաբաշխել դրամական ավանդներ.
բ) ներգրավել և տրամադրել վարկեր.
գ) կատարել հաշվարկներ հաճախորդների և բանկերի (թղթակցող)
հանձնարարությամբ.
դ) բացել և վարել հաճախորդների, բանկերի (թղթակցող) հաշիվներ.
ե) ֆինանսավորել կապիտալ ներդրումներ` ներդրում կատարողների կամ կարգադրիչների հանձնարարությամբ.
զ) թողարկել, գնել (սեփական միջոցների հաշվին), վաճառել և հաշվառել վճարային փաստաթղթեր և արժեթղթեր (չեկեր, ակրեդիտիվներ, մուրհակներ, բաժնետոմսեր և այլն).
է) երրորդ անձանց փոխարեն և նրանց հանձնարարությամբ տալ երաշխավորություններ, երաշխիքներ, ինչպես նաև ստանձնել այլ պարտավորություններ.
ը) ձեռք բերել ապրանքների մատակարարման և ծառայությունների կատարման դիմաց գումարներ պահանջելու իրավունք, իր վրա վերցնել այդպիսի պահանջների կատարման ռիսկը և կատարել դրանց ինկասացիան (ֆակտորինգ).
թ) գնել (սեփական միջոցների հաշվին) և վաճառել արտարժույթ.
ժ) հաճախորդների հանձնարարությամբ ներգրավել և տեղաբաշխել միջոցներ, կառավարել արժեթղթեր (լիազորական գործառնություններ).
ի) մատուցել խորհրդատվական ծառայություններ.
լ) սեփական միջոցների հաշվին ձեռք բերել և վարձակալության տալ սարքավորումներ և մեքենաներ (լիզինգ).
խ) գնել, վաճառել և ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ ու քարեր, այլ արժեքներ:
Թողնել մեկնաբանություն