Կոմիտասը հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ է։ Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն): Կոմիտասը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»։
Բուռն աշխատանքային շրջան
Վերադառնալով Գևորգյան ճեմարան՝ Կոմիտաս Վարդապետը 1899 թվականի սեպտեմբերից սկսեց վարել Մայր Աթոռի դպրապետի պաշտոնը՝ ճեմարանում դասավանդելով երաժշտություն։ Նա հավաքագրեց և սկսեց ղեկավարել մեծ բազմաձայն երգչախումբ։ Այդ շրջանում էր, որ նա ավարտին հասցրեց տեսական և հետազոտական աշխատանքները, որոնց շնորհիվ էլ իր տեղը զբաղեցրեց երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրաների շարքում։
Կոմիտասը ամառն անց էր կացնում Հայաստանի տարբեր գյուղերում՝ առանձնահատուկ հարաբերություններ հաստատելով գեղջուկների հետ։ Իր «Ձեռաց տետրակ հայ սրբազան և գեղջուկ համերգի» մեջ նա գրում է․
<< Գեղջուկը բնութեան հարազատ զաւակն է. ուստի ճաշակել է բնութիւնը բովանդակ հոգւով ու սրտով: Իր երգելու մեջ բնութիւնը կը խօսե. որովհետև բնութիւնն է նախ իր մեջ խօսած: Իր սրտի մէջ բնութեան ծովը կը յուզուի, վասն զի ինքն իսկ բնութեան ալիքներու վրայ կը դեգերէ: Իր ամբողջ կեանքը իր երգերու մէջն է ներշնչած: Վերջապէս գեղջուկ երգերը տեսակ տեսակ ասուն հայելիներ են, որոնք զատ զատ, իրենց ծնունդ առած վայրերուն դիրքը, կլիման, բնութիւնը և կեանքը կանդրադարձնեն: >>
Այդ ամենի արդյունքում Կոմիտասը լուծեց հայկական գեղջկական երգերի վերարտադրման և պահպանման բարդ գիտական խնդիրը։
Աքսոր և վերջին տարիներ (1915-1935)
Աքսորից վերադառնալուց հետո Կոմիտաս Վարդապետի առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Եղեռնի ողբալի դրվագները, իր աշխատանքների կորուստը ծանր ազդեցին Վարդապետի նուրբ և զգայուն ներաշխարհի վրա, և նա կորցրեց հոգեկան անդորրը՝ ծանր և խորը վերապրելով իրականության և իր ժողովրդի կործանման ողբերգությունը։
Վարդապետի մոտ ակնհայտորեն խորանում էին հետապնդման մանիայի ախտանշանները, և ըստ հուշագիրների՝ յուրաքանչյուր ցնցում և ձայն սարսափեցնում էր նրան։ Իրականում Կոմիտաս Վարդապետի հիվանդության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ։ Մինչ օրս նրա հիվանդությունն ու մահվան ստույգ պատճառը մնում է անհայտ։
Կոմիտաս Վարդապետը վախճանվեց 1935 թվականի հոկտեմբերի 21-ին։ 1936 թվականին նրա աճյունը փոխադրվեց Երևան և թաղվեց Կոմիտասի անվան պանթեոնում։
Թողնել մեկնաբանություն