Սահմանադրություն պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։
Սահմանադրության տեսակները
Ըստ պետության կառավարման դասակարգման լինում են Հանրապետական և Միապետական։ Սահմանադրությունների բաժանումը միապետականի և հանրապետականի ունի ձևական բնույթ։ Միապետական սահմանադրություններ ընդունվում են միապետություններում։ Հանրապետական բնույթի սահմանադրություններ ընդունվում են հանրապետություններում։
Ըստ քաղաքական ռեժիմի սահմանադրությունները լինում են ժողովրդավարական և ավտորիտար։ ժողովրդավարական սահմանադրությունները ամրագրում են քաղաքացիների համար լայն իրավունքներ ու ազատություններ, իշխանության մարմինների ընտրովիություն և այլն։ Ավտորիտար սահմանադրություններն արգելում են քաղաքական կուսակցությունների գոյությունը կամ սահմանում միակուսակցական ռեժիմ։ Այստեղ անտեսվում են մարդկանց ազատությունները և իրավունքները։ Լինում են դեպքեր, երբ իրավաբանորեն սահմանադրությունը ժողովրդավարական է, սակայն այն անտեսված է, և երկրում տիրում է ավտորիտար կամ տոտալիտար ռեժիմ։ Այստեղ ամրագրված են իշխանությունների բաժանման սկզբունքը, սակայն գործնականում իշխանությունը կենտրոնացված է մեկ անձի կամ մի խմբի ձեռքում։
Թողնել մեկնաբանություն