Վահան Տերյանի մասին

Դուք բանաստեղծ եք։ Դա ամենագլխավորն է։ Դուք խոսքերի հետ չեք խաղում… Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ, բարով եկաք… Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ նոր բաներ… Լեզուն մաքուր, զտված և արծաթե զանգի պես հնչուն… Մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի… 1908 թվականին Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները», ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ գրողների ընկերության մեջ։ -Հովհաննես Թումանյան

Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը… հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական պառնասում։ Նա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ։«Մթնշաղի անուրջները» ավելի ջերմ ընդունելիություն գտավ երիտասարդության կողմից, մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն։ Իսկ երկրպագուների թիվ չկար։ Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները, ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները։ Սկսվել էր պարզապես Տերյանական շրջան, Տերյանի էպոխա։ Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»։ -Ստեփան Զորյան

Վահան Տերյանի հիշատակին

Վահան Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո,
Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։
Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
Քամին բերե թող մահվան բոթ, ու անձրևը լա։
Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին։
Ու մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգեր
Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր.

Նրանք ասում են, որ դու անցել ես,
Ու հնացել ես, ու հեռացել,
Որ լքել են քեզ ու մոռացել
Օրերում այս խենթ ու դարձդարձիկ.
Բայց տե՛ս — կանչում է ահա մի ձեռ
Եվ մի սիրտ, որ քեզ սիրում է դեռ.
― Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր… — Եղիշե Չարենց

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started