Հավաքը երկու կամ ավելի անձանց ներկայությունն է որևէ վայրում՝ ընդհանուր կարծիք արտահայտելու կամ ձևավորելու համար։ Հավաքն իրականացվում է մեկ վայրում, կամ տեղաշարժվում է՝ երթի վերածվելով։ Հավաքի վայր կարող է լինել փողոց, այգի, հրապարակ կամ այլ պետական սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք։ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով։ Հավաքների ազատության սահմանափակումն առաջանում է այն դեպքում, երբ չի իրականացվում անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջությանը սպառնում է վտանգ կամ կիրառվում է բռնություն։ Արգելվում է հավաքների ժամանակ ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելը։ Հավաքին կարող է մասնակցել ցանկացավ ոք (ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք)։ Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի։ Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։ Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։
Թողնել մեկնաբանություն