
Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից ասորական համայնքը բնակչության թվով երրորդն է՝ եզդիներից և ռուսներից հետո: Մեր երկրում ասորիները բնակություն են հաստատել 1828-29թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո: Ասորական 100 ընտանիք դիմել է Ցարական Ռուսաստանի իշխանություններին` Հայաստանում բնակվելու խնդրանքով: Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվելով Արևելյան Հայաստան, հաստատվել են Երևանի նահանգում, ներկայիս Արարատի մարզի Դիմիտրով, Վերին Դվին, Կոտայքի մարզի Արզնի, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղերում և Երևանում` կառուցելով իրենց բնակարաններն ու եկեղեցիները:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է երեք ասորական եկեղեցի, որոնցից երկուսը հաշվառված են Արարատի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Ամենավաղը 1828թ կառուցված Արարատի մարզի Վերին Դվին գյուղի Թովմաս առաքյալին նվիված «Ումրա» եկեղեցին է: Եկեղեցին կառուցվել է համայնքի բնակիչների ջանքերով: Խորհրդային կարգերի հաստատումից հետո եկեղեցին վերածվել է թունաքիմիկատների, ազոտական պարարտանյութերի պահեստի:
Մյուսը՝ Սուրբ Կիրիլը գտնվում է Դիմիտրով գյուղում: Եկեղեցու գլխավոր մուտքն ունի երկլեզու արձանագրություն, որում նշված են եկեղեցու անունը, կառուցման և վերակառուցման տարեթվերը: Եկեղեցիները հատկապես աչքի են ընկնում եռահարկ զանգակատներով:
Թողնել մեկնաբանություն