Հունիսի 6-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից մեկնեցինք Թալին՝ անմոռանալի հիշողությունների հետևից: Չգիտեմ ինչպես ինքս ինձ շնորհակալություն հայտնեմ ճիշտ որոշում կայացնելուս համար, քանի, որ սկզբում երկմտանքի մեջ էի՝ ճամփորդությանը մասնակցե՞լ, թե՞․․․: Եվ այսպես, անհրաժեշտ գնումներ կատարելուց հետո ճամփա ընկանք:
Օր 1
Ճանապարհը լի էր հետաքրքիր կանգառներով: Առաջին կանգառն ունեցանք Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր գյուղերում, շփվեցինք-զրուցեցինք բնակիչների հետ, տեսանք գյուղերի նշանավոր պատմամշակութային հուշարձանները, ծանոթացանք-լսեցինք տեղի բարբառները: Ներքին Բազմաբերդցի պարուսույց ընկեր Սասունի ուղեկցությամբ քայլեցինք Կաքավաձորի հարևանությամբ գտնվող մի գյուղ՝ նախկինում Բայսըզ անունով /եղել է եզդիների գյուղ/, որը ներկայումս կոչվում է Օթևան, այստեղ տեսանք Սուրբ Աստվածածին միջնադարյան եկեղեցին։ Սակայն կարևորը քայլքի ճանապարհն էր, քանի որ ճանապարհին հանդիպեցինք մի տատիկի՝ հարսի և երեք թոռների հետ միասին, ովքեր եկեղեցուց վերադառնում էին Կաքավաձոր։ Շատ հետաքրքիր զրույց ունեցանք նրանց հետ, իհարկե, բարբառով, միասին երգեցինք ու պարեցինք «Մշո խըռ» հենց ճանապարհի մեջտեղում ու լավ տրամադրությամբ շարունակեցինք մեր քայլքը։ Երկրորդ կանգառն արդեն Թալինում էր՝ Դաշտադեմի-Քաղենի ամրոց, այնուհետև Կաթողիկե վեհաշուք եկեղեցի: Դաշտադեմի ամրոցում մագլցեցինք այնպիսի անհարմար աստիճաններով և նեղ անցքերով, որ երբեք չէի պատկերացնի ինձ այդ իրավիճակում, բայց իմ ընկերների հետ մագլցում էի սիրով և մեծ սպասումով, քանի որ գիտեի, որ ամրոցից շատ գեղեցիկ տեսարան էր բացվելու: Իհարկե, այս կանգառը նույնպես առանց պարի չէր կարող լինել, այս անգամ պարեցինք «Իշխանաց» պարը, երգեցինք ազգագրական երգեր, մեզ միացան նաև ամրոցում շրջող այլ մարդիք։
Մինչ վերջին կանգառը փոքրիկ բրդուճային ընդմիջում արեցինք և, կրկին շարունակելով մեր ուրախ ճանապարհը, վերջապես հասանք Աշնակ գյուղ, որտեղ էլ գիշերեցինք:
Աշնակը հավերժ կմնա իմ հիշողության մեջ, իմ մտքում և հոգում, քանի որ և՛ մեզ հյուրընկալող ընտանիքը, և՛ սովորական անցորդները չափազանց ջերմ էին մեզ հետ: Որոշեցինք երեկոյան քայլել գուղում, քայլեցինք դեպի հին եկեղեցի և մատուռ: Չմոռանամ նշել, թե ինչպիսի գեղեցիկ աստղազարդ գիշեր ենք վայելել, ափսոսում եմ, որ թվային սարքերը ընդունակ չեն փոխանցելու գեղեցկությունը: Արդար չէր լինի, եթե աստղերին նայելուց հետո չդիմավորեինք արևածագը, կարծում եմ հասկանալի է, թե ի՜նչ տեսարան էր․․․
Օր 2
Համեղ նախաճաշից հետո առավոտյան քայլք իրականացրինք չքնաղ Աշնակում: Քայլեցինք դեպի գյուղի դպրոց, որտեղ մեզ մեծ սիրով ընդունեցին թե՛ աշակերտները, թե՛ աշխատակազմը՝ թույլ չտալով մեզ օտար զգալ: Աշնակցի դպրոցականների հետ ծանոթությունից և վոլեյբոլ խաղալուց հետո միասնական քայլարշավ սկսեցինք դեպի Աշոտ Երկաթի բերդ: Ճանապարհը բավականին երկար էր, այնքան էլ հեշտ չէր, բայց երգ ու պարով հաղթահարեցինք՝ այն դարձնելով ավելի թեթև ու հետաքրքիր: Հասանք բերդ-ամրոց, միասնական ընթերցում՝
Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին, Ուր ծիրանն է հասնում ճյուղին, Ուր կտրին չիրն է քաղցրանում, Ուր հոտը սարն է բարձրանում․․․
միասնական պարերգեր, նորից երգ ու պարով վերադարձ դպրոց, քանի որ մեզ արդեն հարազատ դարձած աշնակցիներն իմանալով, որ դեռ երկար օր է մեզ սպասվում, սիրով նորից հրավիրեցին դպրոց ճաշելու: Աշնակին և աշնակցիներին հրաժեշտ տալով՝ ճամփա ընկանք դեպի Թաթուլ /Արեգ/ գյուղ, որտեղ մեզ դիմավորեց Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը՝ Մանվել Կրպեյանը, ում ուղեկցությամբ եղանք մեծ հերոսի դամբարան-հուշարձանում, տուն-թանգարանում, որտեղ լսեցինք հերոսի մասին հետաքրքիր պատմություններ։ Մեծ տպավորություններով Թաթուլ գյուղից շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Սուսեր գյուղ, որտեղ մեզ անհամբեր սպասում էին ընկեր Վարդանի ընկերոջ ընտանիքը և այն դրական էմոցիաները, որ ստանալու էին չքնաղ Սուսերում: Ընկեր Դանիելի և նրա ծնողների, անչափ բարի քույրիկի ջերմ վերաբերմունքը, ինչպես նաև տան ուրախ մթնոլորտը անդադար ժպտալ էին ստիպում: Հավատացե՛ք, հնարավոր չէ բառերով նկարագրել, թե ինչ սիրալիր վերաբերմունքի և ընդունելության արժանացանք: Ընթրիքի սեղան փռեցին, սեղանին՝ գյուղի առատ, անարատ բարիքներ, բազմազանություն, բարի խոսքեր, Մշո բարբառ, երգ ու ծիծաղ․․․չգիտեմ ինչպես շարունակեմ միտքս․․․աստղազարդ երկինք, գյուղական խաղաղ գիշեր․․․
Օր 3
Բացվեց Սուսեր գյուղի խաղաղ առավոտը, իսկ մենք տխուր էինք, քանի որ չէինք ուզում հավատալ, որ շուտով հեռանալու ենք, բայց ի՜նչ արած, ամեն ինչ իր ավարտն ունի, նաև մեր անմոռանալի ճամփորդությունը։ Հրաժեշտ տվեցինք հիանալի ընտանիքին, հիանալի մարդկանց և բռնեցինք վերադարձի ճանապարհը։ Վերադարձի ճանապարհին ևս կանգառ ունեինք՝ Պեմզաշեն՝ Երերույքի տաճար:
Փորձեցի հնարավորինս մանրամասն պատմել, ոչինչ բաց չթողնել, բայց այս ամենը պատմելով չի ընկալվի, այս ամենն ապրել է պետք: Այս ճամփորդությունն ինձ տվեց հրաշալի ընկերներ, նոր զգացմունքներ, որ երբևէ չէի զգացել, նոր հայրենագիտական գիտելիքներ: Այս ամենի համար շնորհակալ եմ սիրելի և հարգելի ընկեր Վարդանին, շնորհակալ եմ մեզ համար այսպիսի ճամփորդություն կազմակերպելու համար:
Իսկ հիմա վայելեք մեր անմոռանալի ճամփորդության ֆոտոշարքը՝

















Թողնել մեկնաբանություն