Հուլիսի 1-3-ը դասավանդողների և սովորողների մի լավ խմբով ճամփորդեցինք Սյունիքում․․․
Օր 1-ին
Ինչպես մեր բոլոր ճամփորդությունների դեպքում, այս անգամ նույնպես առավոտյան շարժվեցինք «Սուրբ Երրորդություն» եկեղեցու բակից: Ճանապարհը շատ երկար էր, բայց բազմաթիվ հետաքրքիր կանգառները թարմացնում էին մեզ, շատ արագ անցնում էր մեր հոգնածությունը։
Առաջին կանգառն ունեցանք Զանգակատուն գյուղի մուտքի սառնորակ աղբյուրի մոտ, որտեղ ամբողջ խմբով նախաճաշեցինք, այնուհետև շարունակեցինք մեր երկար, բայց հետաքրքիր ճամփան։ Մեր երկրորդ կանգառը Սիսիանի «Զորաց քարեր» /Քարահունջ/ պատմամշակութային-հնագիտական վայրում էր․․․շատ գեղեցիկ տեսարան էր, ուսումնասիրելու-բացահայտումներ անելու վայր է, տիար Տիգրանյանի կարծիքով՝ այն հնում եղել է բնակատեղի․․․կարծես ժամանակը հետ տված լինեինք․․․
Երրորդ կանգառը Խոտ գյուղում էր, գյուղի դպրոցականների ուղեկցությամբ քայլեցինք դեպի Հին Խոտ, Մրգաձորի Խաչ եկեղեցի, և պետք է ասեմ, որ բավականին հետաքրքիր գյուղ էր Սյունիքի Խոտ գյուղը։
Մինչ գիշերակացի վայր՝ Խնձորեսկ հասնելը նախ կանգ առանք Գորիս քաղաքում, քայլեցինք քաղաքում, այցելեցինք գորիսցի անվանի գրող Ակսել Բակունցի տուն-թանգարան: Տունը շատ գեղեցիկ էր, հետաքրքիր, իսկ բակում ուներ մեծ, կանաչ, փարթամ այգի, որտեղ միայն նստելն անգամ հաճույք էր պարգևում:
Բակունցյան ոգով ու շնչով քայլեցինք դեպի քարանձավային Գորիս գյուղ՝ Հին Կյորես․․․ուղղակի տեսնել, վայելել է պետք։
Գիշերակացը Խնձորեսկ գյուղում էր: Թվում էր, թե արդեն հոգնած պետք է լինեինք, բայց մեր ազգային-ազգագրական պարն ու երգը, ինչպես միշտ, մեզ հետ էր, հետաքրքիր ու հագեցած օրվա ավարտը եղավ պարերգերով, ընթրիքի սեղան գցելու ընթացքում էլ բարձր տրամադրության և օրվա տպավորությունների շնորհիվ բոլորս ուրախանում էինք:
Օր 2-րդ
Նախաճաշից հետո քայլեցինք դեպի Խնձորեսկ գյուղի թանգարան, քայլելու ընթացքում էլ ծանոթացանք գյուղին: Թանգարանը լի էր հին աշխատանքային գործիքներով, իրերով և նկարներով: Թանգարանից քայլեցինք դեպի գյուղի դպրոց, իսկ հետո իջանք հին-քարանձավային գյուղ՝ Ճոճվող կամուրջը տեսնելու, որտեղ նաև տեսանք «Ինը մանուկ» կոչվող աղբյուրը, նաև անվանում են Սոնայի աղբյուր, մտանք նաև հին գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի:
Օրվա վերջին պատմական վայրը Տեղ գյուղում գտնվող Մելիք Բարխուդարի Ամարաթն էր և Սուրբ Գևորգ եկեղեցին։
Սակայն օրն ուներ դեռ հետաքրքիր ավարտ՝ այցելություն ընկեր Վարդանի ծննդավայր Կոռնիձոր գյուղ, որտեղ Ճաշի ժամին հյուրընկալվեցինք ընկեր Վարդանի ծնողների տանը՝ լի սեղանով հյուրասիրությություն, գյուղական անարատ բարիքներ, ընտանի կենդանիներ, այգի, վարդանոց․․․ուղղակի հավես էր․․․
Հետաքրքիր օրվա հետաքրքիր ավարտից հետո վերադարձանք Խնձորեսկ գյուղ և ընթրիքով ավարտեցինք մեր օրը:
Օր 3-րդ
Ցավոք, Երևան վերադառնալու ժամանակն էր, առավոտյան նախաճաշեցինք, Խնձորեսկի զորամասում ծառայող զինվորների հետ միասնական պարերգով հրաժեշտ տվեցինք մեզ հյուրընկալող ընտանիքին և խնձորեսկցիներին ու ճանապապարհ ընկանք: Ճանապարհին կանգ առանք Գորիսի Զանգերում՝ քաղաքը դիտելու-վայելելու դիտակետից և, իհարկե, զովանալու զանգերի սառնորակ աղբյուրի ջրով։
Ճանապարհին կանգ առանք Շաքիի գեղատեսիլ ջրվեժում, վայելեցինք հրաշք տեսարանը, Շաքի և Որոտան գետերը, իսկ Որոտանի ափին կերանք շատ քաղցր ձմերուկ ու մեծ տպավորություններով վերադարձանք Երևան։Մեր վերջին կանգառներն ունեցանք Եղեգնաձորում և Երասխում, որտեղ ընդմիջեցինք, թարմացանք և, շարունակելով մեր ճանապարհը, հասանք Երևան:
Եվս մեկ անմոռանալի ուսումնահայրենագիտական ճամփորդություն․․․





