Հոկտեմբերի 26-ին վաղ առավոտյան հավաքվելով Սասունցի Դավթի կայարանում, «Ակներ» համույթով գնացքով շարժվեցինք դեպի Գյումրի: Ճանապարհը երկար էր, գրեթե երեք ժամ և քանի որ հնարավորություն չունեինք ինչպես միշտ կանգնել ընդմիջման և պարել, մենք պահը բաց չթողեցինք և երգ ու պարով ուրախացրինք մեր վագոնի ուղևորներին:
Առաջին կանգառը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին էր, որտեղ երգեցինք հոգևոր շարական երգեր:
Այցելեցինք Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի թանգարանները: Քանի որ լուսանկարելը ագելված էր, հնարավորություն չունեմ լուսաբանելու, բայց կկիսվեմ տպավորություններովս:
Ավետիք Իսահակյանի տուն թանգարանը այնքան տպավորիչ էր, որ չէի ուզում սենյակից սենյակ անցնել: Ամեն ինչ այնքան ճաշակով և գեղեցիկ էր, որ կարծես ժամանակի մեջ տեղափոխված լինեի անցյալ: Պարզվեց, որ Իսահակյանի և՛ հայրը, և՛ մայրը ունևոր ընտանիքներից են եղել և հնարավորոթյուն են ունեցել կառուցել այդ հրաշք տունը հրաշք կահույքով: Հետաքրքիր էր Իսահակյանի ծնվելու պատմությունը: Նրա մայրը որոշում է կայացրել ծննդաբերել թոնրի սենյակում, քանի որ ըստ ավանդույթի թոնրատունը համարվում է սուրբ սենյակ:
Շիրազի ունեցվածքը չէր զիջում իր գեղեցկությամբ: Շիրազը եղել է բազմազավակ ընտանիքից (յոթ երեխայից վերջինը), այնուհետև կառուցել է սեփական բազմազավակ ընտանիքը: Հովհաննես Շիրազի տանը պատմում էին ավելի շատ իր գործունեությունից որպես գրող, սակայն ավելի տպավորիչ կլիներ լսել իր կյանքի կարևոր իրադարձությունների մասին:
Մհեր Մկրտչյանի թանգարանը այցելում էի երկրորդ անգամ: Իր դժբախտ պատմությունը հնարավոր է լսել անվերջ և ամեն անգամ ցավ ապրել: Ֆրունզիկի կերտած կերպարները հավերժ մնալու են հայկական մշակույթում և շարունակելու են լցնել մեր կյանքը դրական զգացմունքներով: Մհեր Մկրտչյանը հնարավորություն չունեցավ իրեն վայել կյանք ապրել, սակայն իր թողած արվեստը ապրում է իր ուզած կերպով:
Յուրաքանչյուր այցից հետո պար ու երգով զվարճանում էինք, ինչպես նաև Երևան գալու հետադարձի ճանապարհին: Մեզ արդեն հիշում էին գնացքի մեջ)


