Ինչպիսին էր Կոմիտասը մտերիմների շրջանում

Կոմիտասի ընկերները նրան գիտական ուսումնասիրությունների, երաժշտական գործեր ստեղծելու ժամանակ հիշում են իբրև խոհուն, ծանր, զուսպ, դասերի, փորձերի ժամանակ` խիստ ու պահանջկոտ, իսկ առօրյա կյանքում, ընկերական շրջապատում` իբրև շատ կենսուրախ, կատակասեր, զվարճախոս, սրախոս, լավատես մի մարդու:

Կոմիտասի ժամանակակիցները պատմում են, որ ուսուցչական անձնակազմը սովորություն էր դարձրել շաբաթը գոնե երկու անգամ հավաքվել ընկերներից մեկի տանը՝ ուրախանալու համար: Եվ Կոմիտասն այդ հավաքների ամենաուրախ անդամներից մեկն էր: Այդ ժամանակ նա սովորաբար նարդի էր խաղում ուժեղ խաղացողների հետ:

Կոմիտասը արագ էր խաղում, երկու ձեռքով, իսկ խաղընկերը մաթեմատիկական հաշվարկներ էր անում և դանդաղում: Հաղթելու դեպքում Կոմիտասը խաղակցին ասում էր. «Դե, գնա, բաբայիդ բարև արա», իսկ երբ պարտվում էր, վեր էր թռչում և գնում վազվզելու երեխաների հետ:
Դաշտում խնջույքի ժամանակ Կոմիտասը մի օր լսում է էշի զռոցը. անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել. նա հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

Կոմիտասը տաղանդավոր պարող է եղել: Ճեմարանի մտերմիկ հավաքույթների ժամանակ նրանց խնդրանքով Կոմիտասը կատարել է իր ծննդավայրից սովորած թուրքական պարերը: Ճեմարանի ուսուցիչների մեջ հայտնի ժողովրդական պարող է եղել. պարել է տղամարդկանց խիզախ, խրոխտ, մարտական սուրով պարերից մինչև շինական կանանց պարերը` ձայնի հարազատ ելևէջումներով ու մարմնի ու ձեռքերի նուրբ շարժումներով:

Միաժամանակ նա օժտված էր նաև կատակերգակ դերասանի հատկություններով: Հր. Աճառյանը պատմում է, որ մտերմիկ շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էին Հ. Պարոնյանի «Բաղդասար աղբար»-ի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից ներս մտնելիս երկար-բարակ իրար համեցեք էին ձոնում: Հաճախ տեսարանը զարգացնելով՝ նրանք ծաղրանքի բարձրագույն աստիճանի էին հասցնում: Դրանով զվարճացնում էին իրենց ընկերներին, որոնք էլ հաճախ էին խնդրում կրկնել այդ տեսարանը:

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started