Ճամփորդություն դեպի Գյումրի

Հոկտեմբերի 26-ին վաղ առավոտյան հավաքվելով Սասունցի Դավթի կայարանում, «Ակներ» համույթով գնացքով շարժվեցինք դեպի Գյումրի: Ճանապարհը երկար էր, գրեթե երեք ժամ և քանի որ հնարավորություն չունեինք ինչպես միշտ կանգնել ընդմիջման և պարել, մենք պահը բաց չթողեցինք և երգ ու պարով ուրախացրինք մեր վագոնի ուղևորներին:

Առաջին կանգառը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին էր, որտեղ երգեցինք հոգևոր շարական երգեր:

Այցելեցինք Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի թանգարանները: Քանի որ լուսանկարելը ագելված էր, հնարավորություն չունեմ լուսաբանելու, բայց կկիսվեմ տպավորություններովս:

Ավետիք Իսահակյանի տուն թանգարանը այնքան տպավորիչ էր, որ չէի ուզում սենյակից սենյակ անցնել: Ամեն ինչ այնքան ճաշակով և գեղեցիկ էր, որ կարծես ժամանակի մեջ տեղափոխված լինեի անցյալ: Պարզվեց, որ Իսահակյանի և՛ հայրը, և՛ մայրը ունևոր ընտանիքներից են եղել և հնարավորոթյուն են ունեցել կառուցել այդ հրաշք տունը հրաշք կահույքով: Հետաքրքիր էր Իսահակյանի ծնվելու պատմությունը: Նրա մայրը որոշում է կայացրել ծննդաբերել թոնրի սենյակում, քանի որ ըստ ավանդույթի թոնրատունը համարվում է սուրբ սենյակ:

Շիրազի ունեցվածքը չէր զիջում իր գեղեցկությամբ: Շիրազը եղել է բազմազավակ ընտանիքից (յոթ երեխայից վերջինը), այնուհետև կառուցել է սեփական բազմազավակ ընտանիքը: Հովհաննես Շիրազի տանը պատմում էին ավելի շատ իր գործունեությունից որպես գրող, սակայն ավելի տպավորիչ կլիներ լսել իր կյանքի կարևոր իրադարձությունների մասին:

Մհեր Մկրտչյանի թանգարանը այցելում էի երկրորդ անգամ: Իր դժբախտ պատմությունը հնարավոր է լսել անվերջ և ամեն անգամ ցավ ապրել: Ֆրունզիկի կերտած կերպարները հավերժ մնալու են հայկական մշակույթում և շարունակելու են լցնել մեր կյանքը դրական զգացմունքներով: Մհեր Մկրտչյանը հնարավորություն չունեցավ իրեն վայել կյանք ապրել, սակայն իր թողած արվեստը ապրում է իր ուզած կերպով:

Յուրաքանչյուր այցից հետո պար ու երգով զվարճանում էինք, ինչպես նաև Երևան գալու հետադարձի ճանապարհին: Մեզ արդեն հիշում էին գնացքի մեջ)

Ծանոթություն Ակների հետ

Առաջին անգամ լսեցի «Ակներ» համույթի մասին, երբ ընկերուհիս դարձավ դրա անդամը: Առանձնապես ուշադրություն չգրավեց, մտածում էի, թե ես չեմ սիրում ազգագրական երգեր/պարեր: Այս կարծիքով ապրեցի գրեթե մեկ տարի մինչև մոտեցավ 2021 թվականի ամառային հունիսյան ճամբարը: Այնպես էր ստացվել, որ Ակների խմբի անդամներից մի քանիսը ինձ հետ նույն խմբում էին և միասին պետք է մասնակցեինք դեպի Թալին տանող եռօրյա ճամփորդությանը: Իսկ երկու ուղեկցող ուսուցիչներից մեկը Ակների ղեկավար՝ Աննա Երիցյանն էր: Ճամփորդության ժամանակ, երբ կանգառներին երգ ու պարով լիցքավորվում էին, զգացի, որ ես նույնպես ուզում եմ լինել իրենց կողքին: Խմբի յուրաքանչյուր անդամ հրաշալի ընկեր է, քանի որ ընկեր Աննայի հետ աշխատելիս այլ կերպ չէր էլ կարող լինել:

Թալինից հետո ես սիրեցի ճամփորդել և ուրախ էի գտնել մարդկանց ում հետ ուզում եմ ճանապարհ գնալ: Ցանկությունս չմերժելով՝ «Ակներ» համույթի հետ երկու անգամ ուղևորվեցի Սյունիքի մարզ, անցկացնելով հնարավորինս հաճելի և ուսուցողական ժամանակ:

Այսպիսով, 2021 թվականի սեպտեմբերի 25ին մասնակցեցի իմ առաջին փորձին և դարձա խմբի պաշտոնական ամդամ:

Սյունիքյան ճամփորդություն

Հուլիսի 1-3-ը դասավանդողների և սովորողների մի լավ խմբով ճամփորդեցինք Սյունիքում․․․

Օր 1-ին
Ինչպես մեր բոլոր ճամփորդությունների դեպքում, այս անգամ նույնպես առավոտյան շարժվեցինք «Սուրբ Երրորդություն» եկեղեցու բակից: Ճանապարհը շատ երկար էր, բայց բազմաթիվ հետաքրքիր կանգառները թարմացնում էին մեզ, շատ արագ անցնում էր մեր հոգնածությունը։

Առաջին կանգառն ունեցանք  Զանգակատուն գյուղի մուտքի սառնորակ աղբյուրի մոտ, որտեղ ամբողջ խմբով նախաճաշեցինք, այնուհետև շարունակեցինք մեր երկար, բայց հետաքրքիր ճամփան։ Մեր երկրորդ կանգառը Սիսիանի «Զորաց քարեր» /Քարահունջ/ պատմամշակութային-հնագիտական վայրում էր․․․շատ գեղեցիկ տեսարան էր, ուսումնասիրելու-բացահայտումներ անելու վայր է, տիար Տիգրանյանի կարծիքով՝ այն հնում եղել է բնակատեղի․․․կարծես ժամանակը հետ տված լինեինք․․․

Երրորդ կանգառը Խոտ գյուղում էր, գյուղի դպրոցականների ուղեկցությամբ քայլեցինք դեպի Հին Խոտ, Մրգաձորի Խաչ եկեղեցի, և պետք է ասեմ, որ բավականին հետաքրքիր գյուղ էր Սյունիքի Խոտ գյուղը։

Մինչ գիշերակացի վայր՝ Խնձորեսկ հասնելը նախ կանգ առանք Գորիս քաղաքում, քայլեցինք քաղաքում, այցելեցինք գորիսցի անվանի գրող Ակսել Բակունցի տուն-թանգարան: Տունը շատ գեղեցիկ էր, հետաքրքիր, իսկ բակում ուներ մեծ, կանաչ, փարթամ այգի, որտեղ միայն նստելն անգամ հաճույք էր պարգևում:
Բակունցյան ոգով ու շնչով քայլեցինք դեպի քարանձավային Գորիս գյուղ՝ Հին Կյորես․․․ուղղակի տեսնել, վայելել է պետք։

Գիշերակացը Խնձորեսկ գյուղում էր: Թվում էր, թե արդեն հոգնած պետք է լինեինք, բայց մեր ազգային-ազգագրական պարն ու երգը, ինչպես միշտ, մեզ հետ էր, հետաքրքիր ու հագեցած օրվա ավարտը եղավ պարերգերով, ընթրիքի սեղան գցելու ընթացքում էլ բարձր տրամադրության և օրվա տպավորությունների շնորհիվ բոլորս ուրախանում էինք:

Օր 2-րդ
Նախաճաշից հետո քայլեցինք դեպի Խնձորեսկ գյուղի  թանգարան, քայլելու ընթացքում էլ ծանոթացանք գյուղին: Թանգարանը լի էր հին աշխատանքային գործիքներով, իրերով և նկարներով: Թանգարանից քայլեցինք դեպի գյուղի դպրոց, իսկ հետո իջանք հին-քարանձավային գյուղ՝ Ճոճվող կամուրջը տեսնելու, որտեղ նաև տեսանք «Ինը մանուկ» կոչվող աղբյուրը, նաև անվանում են Սոնայի աղբյուր, մտանք նաև հին գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի:
Օրվա վերջին պատմական վայրը Տեղ գյուղում գտնվող Մելիք Բարխուդարի Ամարաթն էր և Սուրբ Գևորգ եկեղեցին։

Սակայն օրն ուներ դեռ հետաքրքիր ավարտ՝ այցելություն ընկեր Վարդանի ծննդավայր Կոռնիձոր գյուղ, որտեղ Ճաշի ժամին հյուրընկալվեցինք ընկեր Վարդանի ծնողների տանը՝ լի սեղանով հյուրասիրությություն, գյուղական անարատ բարիքներ, ընտանի կենդանիներ, այգի, վարդանոց․․․ուղղակի հավես էր․․․
Հետաքրքիր օրվա հետաքրքիր ավարտից հետո վերադարձանք Խնձորեսկ գյուղ և ընթրիքով ավարտեցինք մեր օրը:

Օր 3-րդ
Ցավոք, Երևան վերադառնալու ժամանակն էր, առավոտյան նախաճաշեցինք, Խնձորեսկի զորամասում ծառայող զինվորների հետ միասնական պարերգով հրաժեշտ տվեցինք մեզ հյուրընկալող ընտանիքին և խնձորեսկցիներին ու ճանապապարհ ընկանք: Ճանապարհին կանգ առանք Գորիսի  Զանգերում՝  քաղաքը դիտելու-վայելելու  դիտակետից և, իհարկե, զովանալու զանգերի սառնորակ աղբյուրի ջրով։

Ճանապարհին կանգ առանք Շաքիի գեղատեսիլ ջրվեժում, վայելեցինք հրաշք տեսարանը, Շաքի և Որոտան գետերը, իսկ Որոտանի ափին կերանք շատ քաղցր ձմերուկ ու մեծ տպավորություններով վերադարձանք Երևան։Մեր վերջին կանգառներն ունեցանք Եղեգնաձորում և Երասխում, որտեղ ընդմիջեցինք, թարմացանք և, շարունակելով մեր ճանապարհը, հասանք Երևան:


Եվս մեկ անմոռանալի ուսումնահայրենագիտական ճամփորդություն․․․

Եռօրյա ճամփորդություն դեպի Թալին

Հունիսի 6-ին  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից մեկնեցինք Թալին՝ անմոռանալի հիշողությունների հետևից: Չգիտեմ ինչպես ինքս ինձ շնորհակալություն հայտնեմ ճիշտ որոշում կայացնելուս համար, քանի, որ սկզբում երկմտանքի մեջ էի՝ ճամփորդությանը մասնակցե՞լ, թե՞․․․: Եվ այսպես, անհրաժեշտ գնումներ կատարելուց հետո ճամփա ընկանք:

Օր 1
Ճանապարհը լի էր հետաքրքիր կանգառներով: Առաջին կանգառն ունեցանք Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր գյուղերում, շփվեցինք-զրուցեցինք բնակիչների հետ, տեսանք գյուղերի նշանավոր պատմամշակութային հուշարձանները, ծանոթացանք-լսեցինք տեղի բարբառները: Ներքին Բազմաբերդցի պարուսույց ընկեր Սասունի ուղեկցությամբ քայլեցինք Կաքավաձորի հարևանությամբ գտնվող մի գյուղ՝ նախկինում Բայսըզ անունով /եղել է եզդիների գյուղ/, որը ներկայումս կոչվում է Օթևան, այստեղ տեսանք Սուրբ Աստվածածին միջնադարյան եկեղեցին։ Սակայն կարևորը քայլքի ճանապարհն էր, քանի որ ճանապարհին հանդիպեցինք մի տատիկի՝ հարսի և երեք թոռների հետ միասին, ովքեր եկեղեցուց վերադառնում էին Կաքավաձոր։ Շատ հետաքրքիր զրույց ունեցանք նրանց հետ, իհարկե, բարբառով, միասին երգեցինք ու պարեցինք «Մշո խըռ» հենց ճանապարհի մեջտեղում ու լավ տրամադրությամբ շարունակեցինք մեր քայլքը։ Երկրորդ կանգառն արդեն Թալինում էր՝ Դաշտադեմի-Քաղենի ամրոց, այնուհետև Կաթողիկե վեհաշուք եկեղեցի: Դաշտադեմի ամրոցում մագլցեցինք այնպիսի անհարմար աստիճաններով և նեղ անցքերով, որ երբեք չէի պատկերացնի ինձ այդ իրավիճակում, բայց իմ ընկերների հետ մագլցում էի սիրով և մեծ սպասումով, քանի որ գիտեի, որ ամրոցից շատ գեղեցիկ տեսարան էր բացվելու: Իհարկե, այս կանգառը նույնպես առանց պարի չէր կարող լինել, այս անգամ պարեցինք «Իշխանաց» պարը, երգեցինք ազգագրական երգեր, մեզ միացան նաև ամրոցում շրջող այլ մարդիք։ 
Մինչ վերջին կանգառը փոքրիկ բրդուճային ընդմիջում արեցինք և, կրկին շարունակելով մեր ուրախ ճանապարհը, վերջապես հասանք Աշնակ գյուղ, որտեղ էլ գիշերեցինք:

Աշնակը հավերժ կմնա իմ հիշողության մեջ, իմ մտքում և հոգում, քանի որ և՛ մեզ հյուրընկալող ընտանիքը, և՛ սովորական անցորդները չափազանց ջերմ էին մեզ հետ: Որոշեցինք երեկոյան քայլել գուղում, քայլեցինք դեպի հին եկեղեցի և մատուռ: Չմոռանամ նշել, թե ինչպիսի գեղեցիկ աստղազարդ գիշեր ենք վայելել, ափսոսում եմ, որ թվային սարքերը ընդունակ չեն փոխանցելու գեղեցկությունը: Արդար չէր լինի, եթե աստղերին նայելուց հետո չդիմավորեինք արևածագը, կարծում եմ հասկանալի է, թե ի՜նչ տեսարան էր․․․

Օր 2
Համեղ նախաճաշից հետո առավոտյան քայլք իրականացրինք չքնաղ Աշնակում: Քայլեցինք դեպի գյուղի դպրոց, որտեղ մեզ մեծ սիրով ընդունեցին թե՛ աշակերտները, թե՛ աշխատակազմը՝ թույլ չտալով մեզ օտար զգալ: Աշնակցի դպրոցականների հետ ծանոթությունից և վոլեյբոլ խաղալուց հետո  միասնական քայլարշավ սկսեցինք դեպի Աշոտ Երկաթի բերդ: Ճանապարհը բավականին երկար էր, այնքան էլ հեշտ չէր, բայց երգ ու պարով հաղթահարեցինք՝ այն դարձնելով ավելի թեթև ու հետաքրքիր: Հասանք բերդ-ամրոց, միասնական ընթերցում՝

Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին, Ուր ծիրանն է հասնում ճյուղին, Ուր կտրին չիրն է քաղցրանում, Ուր հոտը սարն է բարձրանում․․․

միասնական պարերգեր, նորից երգ ու պարով վերադարձ դպրոց, քանի որ մեզ արդեն հարազատ դարձած աշնակցիներն իմանալով, որ դեռ երկար օր է մեզ սպասվում, սիրով նորից հրավիրեցին դպրոց ճաշելու: Աշնակին և աշնակցիներին հրաժեշտ տալով՝ ճամփա ընկանք դեպի Թաթուլ /Արեգ/ գյուղ, որտեղ մեզ դիմավորեց Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը՝ Մանվել Կրպեյանը, ում ուղեկցությամբ եղանք մեծ հերոսի դամբարան-հուշարձանում, տուն-թանգարանում, որտեղ լսեցինք հերոսի մասին հետաքրքիր պատմություններ։ Մեծ տպավորություններով Թաթուլ գյուղից շարունակեցինք մեր ճանապարհը դեպի  Սուսեր գյուղ, որտեղ մեզ անհամբեր սպասում էին ընկեր Վարդանի ընկերոջ ընտանիքը և այն  դրական էմոցիաները, որ ստանալու էին չքնաղ Սուսերում: Ընկեր Դանիելի և նրա ծնողների, անչափ բարի քույրիկի ջերմ վերաբերմունքը, ինչպես նաև տան ուրախ մթնոլորտը անդադար ժպտալ էին ստիպում: Հավատացե՛ք, հնարավոր չէ բառերով նկարագրել, թե ինչ սիրալիր վերաբերմունքի և ընդունելության  արժանացանք: Ընթրիքի սեղան փռեցին, սեղանին՝ գյուղի առատ, անարատ բարիքներ, բազմազանություն, բարի խոսքեր, Մշո բարբառ, երգ ու ծիծաղ․․․չգիտեմ ինչպես շարունակեմ միտքս․․․աստղազարդ երկինք, գյուղական խաղաղ գիշեր․․․

Օր 3
Բացվեց Սուսեր գյուղի խաղաղ առավոտը, իսկ մենք տխուր էինք, քանի որ չէինք ուզում հավատալ, որ շուտով հեռանալու ենք, բայց ի՜նչ արած, ամեն ինչ իր ավարտն ունի, նաև մեր անմոռանալի ճամփորդությունը։ Հրաժեշտ տվեցինք հիանալի ընտանիքին, հիանալի մարդկանց և բռնեցինք վերադարձի ճանապարհը։ Վերադարձի ճանապարհին ևս կանգառ ունեինք՝ Պեմզաշեն՝ Երերույքի տաճար:

Փորձեցի հնարավորինս մանրամասն պատմել, ոչինչ բաց չթողնել, բայց այս ամենը պատմելով չի ընկալվի, այս ամենն ապրել է պետք: Այս ճամփորդությունն ինձ տվեց հրաշալի ընկերներ, նոր զգացմունքներ, որ երբևէ չէի զգացել, նոր հայրենագիտական գիտելիքներ: Այս ամենի համար շնորհակալ եմ սիրելի և հարգելի ընկեր Վարդանին, շնորհակալ եմ  մեզ համար այսպիսի ճամփորդություն կազմակերպելու համար: 

Իսկ հիմա վայելեք մեր անմոռանալի ճամփորդության  ֆոտոշարքը՝

Դվինի հնավայր

Հունիսի 4-ին առավոտյան ժամը 10-ին ճամփա ընկանք դեպի Հնաբերդ գյուղ՝ Դվինի հնավայր: Ճանապարհը անցավ շատ ուրախ՝ երգով և բարբառային զրույցներով։ Դվինի հնավայրում շատ բան տեսանք՝ Արշակունյաց արքաների նստավայրը, կաթողիկոսի նստավայրը, միջնաբերդը, պեղումների արդյունքում հայտնաբերված մահմեդական տաճար, որը դեռևս լավ ուսումնասիրված չէ: Հնավայրում կա նաև փոքրիկ  մատուռ:

Մենք եղանք Վերին Դվին ասորական գյուղում, որտեղ հյուրընկալվեցինք ասորի ընտանիքի հարկի տակ: Այդ տունը, պարզվեց, որ  գյուղի ամենահին տունն էր՝ 200 տարվա պատմությամբ, որտեղ Լսեցինք ասորերեն զրույցներ, զրուցեցինք նաև բարբառներով:

Այնուհետև մշակույթի տանը հանդիպեցինք «Աթուռ» պարային ասորական խմբի հետ, միասին պարեր և պարերգեր սովորեցինք՝ արդպիսով ծանոթացանք և հաղորդակից դարձանք միմյանց մշակույթներին։

Ճամփորդությունն ավարտեցինք  Նորաշեն գյուղում, որտեղ գտնվում է հողաշեն «Սուրբ Հովհաննես» եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է 1872թ. վեց եղբայրների կողմից, որոնցից մեկի՝ Հովհաննեսի անունով էլ այն կոչվել է «Սուրբ Հովհաննես»։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started