Բնական աղետները խոշոր վնասակար իրադարձություններ են, որոնք հետևանք են երկրի բնական գործընթացների, ինչպես օրինակ ջրհեղեղները, փոթորիկները, տորնադոները, հրաբխային ժայթքում|հրաբխային ժայթքումները, երկրաշարժերը, ցունամիները և այլ երկրաբանական պրոցեսներ։ Բնական աղետները կարող են պատճառ դառնալ կյանքի կորստի կամ գույքային վնասի և իրենցից հետո թողնել որոշակի տնտեսական վնասներ, որից կախված է ազդեցության ենթարկված բնակչության կայունությունը կամ վերականգնվելու ունակությունը։
Վնասակար երևույթները աղետի մակարդակի չեն հասնում, եթե տեղի են ունենում ոչ բնակեցված տարածքում։
Բնական աղետի տեսակ է երկրաշարժը: Երկրաշարժը ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
- Բնական երկրաշարժեր
- Տեխնածին երկրաշարժեր
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանավորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կորստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են շարժիչ ուժ հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։
Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։
Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.
- Կանխատեսելի երկրաշարժեր
- Անկանխատեսելի երկրաշարժեր
Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։