Քաղաքագիտությունը որպես գիտություն և որպես տեխնոլոգիա

Քաղաքագիտություն, գիտություն քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Այդ մասին նշվում է Արիստոտելի «Պոլիտիկա» աշխատության մեջ, որը նվիրված է հին հունական 100-ից ավելի քաղաք-պետությունների հասարակական կյանքի ուսումնասիրությանը։

Քաղաքագիտության առարկայի, նրա բովանդակության վերաբերյալ գիտական գրականության մեջ գոյություն ունեն տարբեր կարծիքներ։ Բանն այն է, որ այդ առարկան համեմատաբար նոր ձևավորված սոցիալական գիտության ճյուղերից է, իսկ մի շարք երկրներում նրա վերջնական կայացման գործընթացը դեռևս չի ավարտվել։ Գիտական գրականության մեջ քաղաքական գիտության առարկան դիտարկվում է լայն և նեղ իմաստով։ Լայն առումով քաղաքական գիտությունը ներառում է քաղաքական հարցերի այն շրջանակները, որոնք քննարկվում են քաղաքական փիլիսոփայության, քաղաքական սոցիոլոգիայի, քաղաքական հոգեբանության և հարակից այլ գիտությունների կողմից։ Նման մոտեցումը ցույց է տալիս, որ քաղաքական գիտությունը բացահայտում ու հետազոտում է քաղաքական իրականության ոչ միայն առանձին կողմերը, այլև քաղաքական հարաբերությունների ամբողջ հատվածը։ Սա դրական է այն առումով, որ նման մոտեցումը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել հասարակության քաղաքական կյանքի մասին։ Սակայն նման դեպքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ հարցականի տակ է դրվում բուն քաղաքագիտության, որպես ինքնուրույն գիտության գոյությունը։ Ուստի անհրաժեշտ է նշել, որ միևնույն օբյեկտը, որպես իրականության մի մաս, կարող է ուսումնասիրվել մի շարք գիտությունների կողմից։ Առարկան օբյեկտի որպիսությունն է, առանձնահատկությունը, նրա հատկանիշների ամբողջությունը։ Օբյեկտը մեզնից և մեր գիտակցությունից անկախ արտաքին աշխարհի գոյ է։ Օբյեկտի հետազոտության ժամանակ յուրաքանչյուր առարկա հետապնդում է իր նպատակը, իր ոճով, հետազոտության մեթոդներով ընդգծում օբյեկտի էական հատկանիշները, բացահայտում ու վերլուծում իրեն հետաքրքրող հիմնախնդիրները:

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started